ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Հզոր ուժերի մեջ կան այնպիսիները, որոնք գլոբալ բախումը նորմալ ու հավանական են համարում

Հզոր ուժերի մեջ կան այնպիսիները, որոնք գլոբալ բախումը նորմալ ու հավանական են համարում
07.10.2025 | 19:14

Ցանկացած մակարդակի ու մասշտաբի իշխանության կամ գլոբալ ուժի կայունության ապահովման ունիվերսալ մեթոդներից մեկը ժողովրդի կամ ժողովուրդների ուշադրության շեղումն է իրենց համար վտանգավոր պրոբլեմներից, լինեն այդ պրոբլեմները կապված մարդկանց անվտանգության, թե բարեկեցության ու կյանքի մակարդակի անկման հետ։

Իշխանության կողմից նման քաղաքականությունը կարող է իրականացվել ամենատարբեր մեթոդներով, սկսած տաշիտուշիներ կազմակերպելուց, մինչև սենսացիոն բնույթի լուրերի տարածումը կամ էլ հասարակությանը ցնցող գործողություններ կազմակերպելը։

Կարևորը հասարակության մեջ մեծամասնություն կազմող պարզունակ մտածողության տեր մարդկանց ուշադրությունը շեղելն է հերթական հոգեցունց գաղափարի, երևույթի կամ գործողության ուղղությամբ։

Անվտանգության ոլորտում նման քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ժողովրդի աչքում թշնամու կերպարի ձևավորումն է քարոզչության միջոցներով, որի նպատակը մի կողմից մարդկանց ուշադրության շեղումն է կյանքի դժվարությունների հետ կապված մտահոգություններից և, մյուս կողմից էլ, մարդկանց միավորելն է իշխանությանը ձեռնտու որևէ նպատակի շուրջ։

Այս տեսանկյունից շատ հետաքրքիր ու կարևոր է ԵՄ-ի ընթացիկ քաղաքականության հասկանալը, որի հիմնական գծերից մեկը Ռուսաստանի, որպես ագրեսիվ մտադրություններ ունեցող թշնամու կերպարի սիստեմատիկ քարոզումն է, և որի հիմնական նպատակը իր անկումը, որպես աշխարհաքաղաքական ուժ, գոնե ժամանակավորապես քողարկելն է։

Այնինչ, երկրորդ աշխարհամարտից հետո, տևականորեն գտնվելով ԱՄՆ-ի պաշտպանության ներքո, ԵՄ-ը կարիք չուներ իր անվտանգության մասին մտածել, բայց աշխարհաքաղաքական նոր իրավիճակում բարձր մակարդակի ուժային բալանսում մեծ փոփոխություններ են կատարվել։

Նոր իրավիճակում ԱՄՆ-ի առաջ դրված անվտանգության խնդիրները փոխվել են, որը ստիպում է վարել նրան նոր տեսակի քաղաքականություն այդ ոլորտում, և որի պատճառով էլ նրան ձեռնտու չէ ահռելի միջոցներ ծախսել Եվրոպայի անվտանգության ապահովման համար։

Ավելին, նոր իրավիճակում ԱՄՆ-ին ձեռնտու է նաև եվրոպական տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը տեղափոխել իր մոտ, և Չինաստանն էլ, իր հերթին, տեխնոլոգիաների ու արդյունաբերության աճով նույնպես թուլացնում է ԵՄ-ին, որը, այլ բազմաթիվ հանգամանքների հետ միասի,ն բերում է վերջինիս աշխարհաքաղաքական հզորության արագ անկմանը, որը շատ մեծ դժգոհության աղբյուր է իր բնակչության համար։

Այս բոլորը միասին շատ մեծ վտանգ են և՛ ԵՄ-ի իշխանությունների, և՛ առանձին երկրների իշխանությունների համար, ու այս իրավիճակում մարդկանց ուշադրությունը այդ պրոբլեմներից շեղելու համար ակտիվորեն պրոպագանդվում է այն գաղափարը, որ Ռուսաստանը անխուսափելիորեն հարձակվելու է ԵՄ-ի վրա։

Եվ դա էլ այն դեպքում, երբ լուրջ աշխարհաքաղաքական ուժերը համոզված են, որ, նախ, Ռուսաստանը ուժ ու մտադրություն չունի նման մասշտաբային ձեռնարկի համար և, հետո էլ, նրան շատ ավելի ձեռնտու է իր էներգակիրների միջոցով անվտանգ տնտեսական էքսպանսիան, քան թե որևէ տեսակի պատերազմական գործողություն։

Ներկայում ձևավորված աշխարհաքաղաքական սուր իրավիճակը, որը տենդենց ունի ավելի ևս սրվելու, բազմաթիվ առումներով աննախադեպ է աշխարհի պատմության մեջ, որը կարող է բերել ամենաանսպասելի լուծումների, քանի որ, զարմանալիորեն, հզոր ուժերի մեջ կան այնպիսիները, որոնք գլոբալ բախումը նորմալ ու հավանական են համարում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ